Աշոտյան Արմենը անցնում է քաղաքական լիդերության դասական դարբնոցով: Չեմ կասկածում, որ պատվով կանցնի ու կթրծվի: Վաղ, թե ուշ դա սպասում է սկզբունքորեն չհամակերպվողներին:
Սակայն էականը հենց այսօր հետևյալն է ՝ Հայաստանի ողջ անվտանգային պարագիծը այսօր ոչ թե բաց է, տեսանելի թշնամուն, այլ «խաղաղության» քաղաքական օրակարգով պարալիզացված:
Պարալիզացումը, ավելի ճիշտ, ոսոխի ռազմաքաղաքական շահին չհակադրվելն ու որոշ դեպքերում ոչինչ չանելով այդ շահի սպասարկումը նաև անվտանգային քարոզչական ֆրոնտում է տեսանելի:
Ադրբեջանական դրոշի՝ կամրջի վրա տեղադրման գնդակոծման դեպքից քիչ անց փաստացի փակվում է կամուրջը: Փակվում է նաև հումանիտար բեռների մուտքը, այսինքն, տոտալ շրջափակում է սկսվում: Որոշ ժամանակ անց հայտնվում է տեսանյութ, որը նկարված է հայկական կողմից: Այդ տեսանյութի հրապարակումը ամբողջությամբ ցույց է տալիս հայկական կողմի, այսպես կոչված, «սադրանքը», ինչը որևէ կերպ առանց իշխանությունների թույլատրության ինֆորմացիոն դաշտում չէր հայտնվի: Այսինքն, ստեղծվում է հայկական կողմի մեղավորության ֆոն:
Ադրբեջանը իսկույն պահանջներ է դնում հայկական կողմի առջև և, որոշ տեղեկություններով, ողջ շփման գծով մարտական ռեժիմի անցնում:
Առաջիկա օրերին Փաշինյանի կատարմամբ մենք լսելու ենք հայկական ռազմուժի, հայկական բանակի, ռազմական ոգու, ռազմական կենսագրության միֆ լինելու մասին: Ավելին՝ նա բաց ռեժիմով խոսելու է 44-օրյա պատերազմի ժամանակ խարդավանքների, դավաճանության, դասալքության մասին: Հայկական ռազմուժի դեմորալիզացիայի սցենարի ապրոբացիան նրանք արդեն ընտանյոք արել են, որդին՝ զոհվածի ծնողին դատի տալով, կինը՝ տասնմեկ հազար տղամարդու դասալիք անվանելով, հայրն էլ՝ «հանձնվելը որպես փրկություն» կոնցեպտի միջոցով, և ժամանակն է անցնելու դրա պրակտիկ իրագործմանը: Այս մեծ պլանի վերջին արարը նորից ուղեկցվելու է պլանավորված և գծված բախումներով, որի արդյունքում լուծվելու է մի քանի հարց.
1.Ստեփանակերտում ադրբեջանական զինված ուժերի ներկայություն:
2. Զանգեզուրի միջանցքի մասով հայկական իշխանությունների առնվազն բացահայտ քաղաքական լոյալություն և համաձայնություն:
Սա է նաև պատճառը, որ ԱԺ ողջ քաղաքական մեծամասնության հպատակամիտներն ու պարագլուխը մեծ ավյունով, ագրեսիվ և ինքնամոռաց էլի նախկին ու նախկին են գոռում՝ աշխատեցնելով աշխատող քարոզի էֆեկտը:
Վլադիմիր Մարտիրոսյան